Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Զարկերակային ճնշման չափման եղանակները

Զարկերակային ճնշման չափման եղանակները

Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում:

 

Գործնականում քիչ չեն փաստերը, երբ արյան ճնշման ճշգրիտ որոշման կանոնների պահպանումը` անկախ օգտագործվող տեխնիկական միջոցից կամ մեթոդից, թերագնահատվում է կամ անտեսվում: Բնակչության մեծամասնությունը բավարար չափով տեղեկացված է տնային պայմաններում արյան ճնշման չափման եղանակների և առկա տեխնիկական միջոցների մասին, որի ապացույցն է վերջին շրջանում մեծ տարածում գտած էլեկտրոնային ավտոմատ և կիսաավտոմատ սարքերի օգտագործումը: Իրականում հասարակության լայն շրջանների համար շատ հարցեր դեռևս լիովին պարզաբանված չեն, և արյան ճնշման չափման եղանակների ու չափիչ սարքավորումների ընտրության հարցի վերաբերյալ որոշ մեկնաբանությունների անհրաժեշտություն է զգացվում:

 

Արյան ճնշման չափման միավորն է սնդիկի սյան միլիմետրը (մմ ս.ս.): Տարբերում են զարկերակային ճնշման երկու ցուցանիշ` սիստոլիկ (վերին) և դիաստոլիկ (ստորին): 

 

Տեխնիկական զարգացմանը զուգընթաց մեծ տարածում և կիրառություն ստացան բազկին ամրացվող ավտոմատ և կիսաավտոմատ սարքավորումները, որոնց առավելություններն են փոքր չափսերը, օգտագործման պարզությունն ու հարմարավետությունը: Վերջին ժամանակներում մեծ տարածում ստացան այնպիսի սարքեր, որոնք օգտագործվում են նախաբազկին ամրացնելու կամ մատը սարքի մեջ տեղադրելու միջոցով: Պետք է նշել, սակայն, որ նման սարքերը կլինիկական կիրառություն չունեն` սխալի բարձր աստիճանի պատճառով: 

 

Տնային պայմաններում զարկերակային ճնշման չափման համար բժշկական սարքավորումների կատարելագործման բրիտանական միության կողմից հաստատված են Omron, A&D և Microlife մակնիշների ավտոմատ և կիսաավտոմատ սարքերը:

 

Արյան ճնշման չափման սարքավորումների առաջնեկը Riva-Rocci (Ռիվա-Ռոչի) սնդիկային սֆիգմոմանոմետրն է, որը մոտ մեկ դար առաջ կլինիկական լայն կիրառություն է ստացել Ն.Ա. Կորոտկովի կողմից առաջարկված չափման մեթոդի շնորհիվ: Դրանք ունեին գործնական լայն կիրառություն, սակայն, համաձայն Եվրախորհրդի կողմից հաստատված օրենքի, ըստ որի շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելու նպատակով արգելվում է չափիչ սարքավորումներում սնդիկի օգտագործումը, 2007 թվականից վերջիններիս արտադրությունը կտրուկ սահմանափակվեց և, այնուհետև, արգելվեց` տեղը զիջելով աներոիդ սֆիգմոմանոմետրերին: Այս մեթոդը լինելով ամենատարածվածը և ճշգրիտը, թերևս ունի կիրառման որոշակի չափորոշիչներ` հնարավորինս անաղմուկ միջավայր, ճնշումը չափողը պետք է վարժ լինի, ունենա անթերի լսողություն ու տեսողություն և այլն:

 

Զարկերակային ճնշման Ճշգրիտ որոշման համար խորհուրդ է տրվում օգտագործել սարք, որն անցել է կլինիկական փորձարկումներ և որի ցուցմունքը մասնագետի կողմից չափումներ իրականացնելու պարագայում կասկած չի հարուցի:

 

Ճնշումը Ճշգրիտ որոշելու համար կարևոր է նաև բազկակապի (մանժետ) ճիշտ ամրակապումը, որը պետք է համապատասխանի բազկի շրջագծին: Ընդհանուր առմամբ, համաձայն միջազգային ուղեցույցների, տարբերակվում են բազկակապի հետևյալ չափսերը. ա) մանկական և չափահասների (երկարությունը` 10-12 սմ, լայնությունը` 18-24 սմ, բազկի շրջագիծը` 23 սմ-ից փոքր), բ) չափահասների ստանդարտ (երկարությունը` 12-13 սմ, լայնությունը` 23-35 սմ, բազկի շրջագիծը` 33 սմ-ից փոքր), գ) չափահասների մեծ (երկարությունը` 12-16 սմ, լայնությունը` 35-40 սմ, բազկի շրջագիծը` 50 սմ-ից փոքր):

 

Բազկի չափսերին անհամապատասխան բազկակապի օգտագործումը կարող է դառնալ իրական ցուցանիշներից մինչև 30 մմ ս.ս. չափով զարկերակային ճնշման ցուցանիշների` բարձր կամ ցածր շեղման պատճառ:

 

Ոչ պակաս կարևոր պայման է նաև բազկակապի ճիշտ տեղադրումը, որի համար անհրաժեշտ է արմնկային փոսում շոշափել բազկային զարկերակը և բազկակապը փաթաթել բազկի վրա այնպես, որ այն լինի արմնկային փոսից մոտ 2 սմ բարձր` առանց ծալքերի կիպ հպվի մերկ բազկի մակերեսին:

 

Ֆոնենդոսկոպի գլխիկը պետք է տեղադրել արմնկափոսում այնպես, որ այն լինի բազկակապի ստորին եզրից քիչ ներքև և իր ամբողջ շրջագծով կիպ հպվի մաշկի մակերեսին: Բազկակապն անհրաժեշտ է ներփչել արագ և համաչափ` մինչև նախապես գնահատված զարկերակային վերին ճնշումից մոտ 20-30 մմ ս.ս. բարձր մակարդակը: Անհրաժեշտության դեպքում վերին և ստորին զարկերակային ճնշման արդյունքները պետք է գրանցել` կլորացնելով դեպի բարձրը ոչ ավելի, քան 2 մմ ս.ս.: Բազկակապում ճնշման բարձրացմանը զուգահեռ պետք է լսել զարկերի առաջացումն ու վերացումը: Ճնշումը բարձրացնելիս, զարկերի անհետանալուց հետո, բազկակապի ճնշումը պետք է բարձրացնել ևս 20-30 մմ ս.ս.-ով, ապա բացելով տանձիկի փականը` սահուն, դանդաղորեն իջեցնել ճնշումը բազկակապում, միաժամանակ հետևելով թվատախտակի ցուցմունքին: Առաջին հստակ զարկը համապատասխանում է զարկերակային ճնշման վերին մակարդակին: Դրանից հետո շարունակելով դանդաղորեն ճնշումը նվազեցնել, գալիս է մի պահ, երբ լսվող զարկերը անհետանում են` թվատախտակի վրա այդ պահի ցուցմունքը համապատասխանում է զարկերակային նվազագույն ճնշմանը: 

 

Զարկերակային ճնշման վերին մակարդակի ցուցանիշը 120 մ.մ. ս.ս., իսկ ստորինը` 80-ը համարվում է օպտիմալ ճմշում: Վերին 120-130-ը և ստորին` 80-85 մ.մ. ս.ս. զարկերակային ճնշումը համարվում է նորմալ ճնշում, բայց այս դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգվել և ապրելակերպը փոփոխել. ֆիզիկական ակտիվությունը ավելացնել, ծխելուց հրաժարվել և այլն: Զարկերակային ճնշման վերին մակարդակի 130-139 և ստորին` 85-89 ցուցանիշները համարվում են նորմալ ճնշման վերին սահմանը: Զարկերակային վերին ճնշումը 140 մմ ս.ս.-ից և ստորինը 90-ից բարձրի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում: Սակայն այդ ցուցանիշները խիստ միջինացված են, քանզի տարիքի հետ զուգընթաց զարկերակային ճնշման բնականոն համարվող մակարդակը, ինչպես նաև մեկ րոպեում սրտի զարկերի հաճախականությունը աստիճանաբար փոխվում է: 

 

Զարկերակային ճնշման ճիշտ չափման համար անհրաժեշտ է ծանոթ լինել Կորոտկովի առաջարկած մեթոդի չափման եղանակին, որն ունի հետևյալ փուլերը.

 

  • I փուլ` երակազարկի տոների ի հայտ գալը (վերին զարկերակային ճնշում),

  • II փուլ` երակազարկի տոների ուժեղացումը,

  • III փուլ`երակազարկի կայուն և հստակ տոները,

  • IV փուլ` երակազարկի տոների ուժգնության թուլացումը,

  • V փուլ` երակազարկի տոների անհետացումը (ստորին զարկերակային ճնշում):

 

Երեխաների և տարեցների մոտ որոշ դեպքերում կարող է դիտվել «անվերջ տոնի ֆենոմեն», երբ երակազարկի տոները լսվում են մինչև 0 մմ ս.ս. մակարդակը: Որպես վերջնական արդյունք ընդունվում են աջ և ձախ ձեռքերի միջին ցուցանիշներն առանձին-առանձին: Հետագա չափումները կատարվում են զարկերակային ճնշման բարձր ցուցանիշ ունեցող ձեռքի վրա:

 

Արյան ճնշման չափումն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել 2007 թվականին սրտաբանների եվրոպական միության կողմից առաջարկված ստորև նշված կանոններով:

 

  • Չափելուց առաջ անձը պետք է մի քանի րոպե լինի հանգիստ (նստած) վիճակում:

  • Իրականացվում է նվազագույնը երկու չափում` 1-2 րոպե ընդմիջումով:

  • Սովորական չափերով բազկի համար օգտագործել ստանդարտ (12-13 սմ երկարության և 35 սմ լայնության), իսկ հաստ կամ բարակ բազկի համար` համապատասխան չափսի բազկակապ:

  • Բազկակապը պետք է գտնվի սրտի մակարդակի բարձրության վրա:

  • Անհրաժեշտ է օդը բաց թողնել վայրկյանում 2 մմ ս.ս. ոչ ավելի արագությամբ:

  • Որոշել արյան ճնշման վերին և ստորին ցուցանիշների I և V փուլերն ըստ Կորոտկովի մեթոդի:

  • Եթե առաջին անգամ է անձի արյան ճնշումը որոշվում, անհրաժեշտ է չափել երկու բազկի ճնշումը հաջորդաբար, անոթային հնարավոր հիվանդության առկայությունը հայտնաբերելու նպատակով: Տարբերության դեպքում պետք է հիմք ընդունել առավել բարձր ցուցանիշը:

  • Տարեցների, շաքարախտով հիվանդների և ճնշման անկման հակում ունեցող հիվանդների արյան ճնշումն առաջին անգամ 

    չափելիս պետք է այն չափել նաև հիվանդի կանգնած դիրքում, կանգնելու պահից 1 և 5 րոպե անց:

 

Զարկերակային ճնշման չափումից նվազագույնը 30 րոպե առաջ անհրաժեշտ է բացառել սուրճի, թեյի և տոնուսը բարձրացնող այլ ըմպելիքների, ծխախոտի օգտագործումը, ֆիզիկական և հուզական լարումը, չափումներն իրականացնել նստած, որոշ դեպքերում` պառկած կամ կանգնած դիրքում:

 

Որոշ մակնիշի սֆիգմոմանոմետրերի թվատախտակին կարմիրով առանձնացված են 80- 160 մմ ս.ս. կամ 280-300 մմ ս.ս. միջակայքերը, այլ սարքերի վրա` 200 մմ ս.ս. և 100 մմ ս.ս. ցուցանիշները և այլն: Դժվար է գուշակել, թե ինչ են նկատի ունեցել արտադրողները, սակայն միանգամայն տեղին է մեկ անգամ ևս հիշեցնել, որ արյան բարձր ճնշման կամ զարկերակային գերճնշման սահմանագիծը համարվում է 140/90 մմ ս.ս. ցուցանիշը: Վերոհիշյալ և նրանից բարձր ցուցանիշները, որոնք ստացվել են արյան ճնշման չափման կանոնների պահպանմամբ, հիմնավոր պատճառ են մասնագետին դիմելու և ժամանակին համարժեք դեղորայքային բուժում սկսելու համար: Զարկերակային ճնշման ցուցանիշի նորմայից յուրաքանչյուր 10 մմ ս.ս. բարձրացումն ուղեկցվում է սիրտ-անոթային հիվանդացության 30% աճով: Արյան բարձր ճնշմամբ անհատների մոտ 4 անգամ հաճախակի են սրտի իշեմիկ հիվանդության դեպքերը և 7 անգամ բարձր` ինսուլտների զարգացման հավանականությունը:

 

Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 28-86-06, 28-86-16 հեռախոսահամարներով:

Հեղինակ. Գևորգ Պոդոսյան բ.գ.թ., բժիշկ-սրտաբան Կանխարգելիչ սրտաբանության կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ